Վերջին մի քանի ամիսների ներհայաստանյան քաղաքական գործընթացներն ու շրջադարձային իրադարձությունները (Սամվել Կարապետյանի ու երկու Սրբազանների կալանավորումը) խոսում են Նիկոլի հեռահար նպատակների մասին. ասեմ, այն, ինչ տեղի ունեցավ, մեծ պարտիայի սկզբնախաղն է՝ դեբյուտը:
Փորձենք հասկանալ այն դասավորություններն ու դեպքերի զարգացումները, որոնց ականատես կլինենք առաջիկա ամիսներին․ ասեմ՝ դրանք ավելի կխորանան նախընտրական սեզոնին ու հնարավոր քարոզարշավի ժամանակ:
Եթե հիշում եք՝ 2021-ի ընտրություններին Նիկոլն իրեն դրել էր «գելխեղդի» տեղ (քարոզարշավին բառացի հայտարարում էր)՝ հրապարակավ ասելով, որ «եթե իրենք գայլեր են, ես էլ՝ գելխեղդն եմ»: Հիմա, այսպես կոչված, «հեղաշրջման պլանի» հայտնի շոուից հետո Նիկոլը լրիվ նոր իրավիճակ է հասունացնում և պատրաստվում է իր խաղարկած պարտիան հասցնել տրամաբանական հաղթական ավարտին։
Ինչպես տեսնում ենք՝ հնարավոր բոլոր տարբերակներով, քարոզչական ողջ ապարատի ուղղակի միջնորդությամբ, ամեն օր տիրաժավորվում է «ահաբեկչություն կանխելու» թեզը՝ ողջ իշխանական ապարատը կպել է այս պնդման մասին շերտային բացվածք տալու գործին: Ավելին, նախօրեին կառավարության նիստին հաստատվեց՝ «ահաբեկչություն կանխելու նպատակով ՆԳՆ-ի համար հատուկ զրահատեխնիկա գնելու մասին» նախագիծը: Առաջին հայացքից սա շատերի մոտ գուցե զարմանք ու հարցեր առաջացրեց, բայց հանճար լինել բնավ պետք չի, որպեսզի հասկանանք Նիկոլի թաքուն մտքերի իրական կողմը:
Հիմա ավելի պարզ. 2026-ին Նիկոլի հիմնական խաղարկվող ֆիշկան լինելու է՝ «ահաբեկչության կանխման» մասին թեզը և «Հայաստանը տեռորիզմի օջախ չդարձնելու» մասին մանիպուլյացիան՝ գրեթե կասկած չունեմ: Այսինքն, նա մարդկանց համոզելու է, որ իրենից բացի ընդդիմադիր ցանկացած ուժ՝ հատկապես «նախկինները», «ուղղակի ահաբեկիչներ են, և նրանց դեմ պետք է պայքարել ու արմատախիլ անել»։ Այնպես որ, դեբյուտն արդեն արված է՝ մնում է իրականացնել էնդշպիլը:
Ըստ էության՝ էնդշպիլն արդեն գծագրվում է, և այն կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան թվում է առաջին հայացքից։ Եթե «ահաբեկչության կանխման» պատրվակը դառնա քաղաքական դաշտի մաքրազտման գործիքը, ապա խաղատախտակը կարող է վերածվել մեկ խաղացողի մենամարտի՝ առանց հակառակորդի, առանց դատավորի, առանց խաղի կանոնների։
Հ.Գ. Չեմ բացառում նաև, որ Նիկոլն այս ընթացքում իր «սրտի»ընդդիմադիր բևեռ գեներացնի՝ հանրությանն այլընտրանք ներկայացնելու նպատակով: Թերևս քարոզարշավի ընթացքում նա կհայտարարի, որ՝ «այ իրենք՝ ահաբեկիչ չեն» ու փորձի իրեն հենարան տանել խորհրդարան: Իմ խորին համոզմամբ՝ այդ թեզը, սակայն, չի աշխատելու:
Արմեն Հովասափյան